ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2017թ.-ի մարտի 9-ից ապրիլի 6-ը Հայաստանի գրեթե բոլոր ծննդատներում կազմակերպել էր երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց դիմումի միջոցով ստանալու նոր տեղեկատվական համակարգի հանրային քարոզարշավ:

«Ընդամենը 3 քայլ, ընդամենը 10 օր եւ նպաստի գումարը ձեր հաշվին է» կարգախոսով քարոզարշավի նպատակն էր իրազեկել երեխա ունեցող ընտանիքներին առավել հարմար եւ նոր հնարավորություններով ծառայությունից օգտվելու տարբերակի մասին: Համացանցին կապ ունեցող ցանկացած սարքից երիտասարդ ծնողները կարող են անմիջապես գրանցվել, եւ նշելով բանկային հաշվի համարը կամ նախընտրելի բանկը, առանց Ծառայության տարածքային բաժիններ այցելելու, 10 օրվա ընթացքում ստանալ երեխայի ծննդյան նպաստը:

Գրեթե բոլոր ծննդատներն աջակցել են քարոզարշավին՝ համակարգի մասին իրազեկող պաստառները տեղադրելով ծննդատներում եւ թույլատրել Ծառայության աշխատակիցներին եւ կամավորներին հենց տեղերում օգնել ծնողներին գրանցվել կայքում եւ առցանց դիմումով ստանալ ծննդյան միանվագ նպաստը:

Քարոզարշավի արդյունքում առցանց դիմումների մասին ստացված վիճակագրությունն առավել քան խոսուն է. փետրվար ամսվա համեմատ առցանց դիմումների թիվն աճել է ավելի քան 11 անգամ: Այսպիսով՝ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ինչպես ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացման, այնպես էլ՝ թաքնված տարատեսակ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ:

Նշենք, որ գրաֆիկում ներկայացված թվերը վերաբերում են ընտանիքում ծնված 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստների դիմումներին

Նոր համակարգի ներդրումը ոլորտի կարեւորագույն բարեփոխումներից է եւ բխում է շահառուների սպասարկման որակի բարելավման եւ առցանց ծառայությունների ընդլայնման ՀՀ կառավարության ծրագրից: