Ճապոնական «Environmental Control Center Co» ընկերության հետ Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել առաջին առցանց տեսակոնֆերանսը «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերության հետ, որը մասնագիտացված է իրականացնելու հողի, ջրի, օդային ավազանի եւ այլնի մշտադիտարկումներ եւ հետազոտություններ։
Առցանց տեսակոնֆերանսը նվիրված էր բնապահպանական բնագավառի արդի հիմնախնդիրներին, մասնավորապես՝
-Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիային, որը նպատակաուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը սնդիկի եւ նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից, ինչպես նաեւ սնդիկի նյութական հոսքերի մշտադիտարկմանը Ճապոնիայում կիրառվող մեթոդների եւ տեխնոլոգիաների օրինակով, որոնք օգտագործվում են սնդիկի պարունակության որոշման համար սնդիկ պարունակող նմուշներում, ինչպես նաեւ այնպիսի արտադրական ոլորտներում ինչպիսիք են հանքարդյունահանությունը եւ ցեմենտի արտադրությունը,
- Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում ռադիոակտիվ նյութերի առկայությանը «Ֆուկուսիմա Դաինչի» ատոմային էլետրակայանի վթարից հետո, մասնավորապես հողերի աղտոտվածության աստիճանի եւ ինտենսիվության ռադիոակտիվ ցեզիում-137-ով, ռադիոակտիվ մասնիկների մթնոլորտ անցման հաշվարկի համակարգչային մոդելներին, անալիտիկ սարքավորումներին, որոնք օգտագործվում են հողի աղտոտվածության որոշման համար՝ առաջին հերթին ցեզիում-137-ով, եւ այլն։
Այս կոնֆերանսը հանդիսանում է 2015 թվականի նոյեմբերին Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացած կլոր սեղանի տրամաբանական շարունակությունը, որը նվիրված էր շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն եւ այլ ազդեցությունների ուսումնասիրություններին, մշտադիտարկումներին, հետազոտությունների տեխնոլոգիական ապահովման հետ կապված փորձի փոխանակման հիմնախնդիրներին։
Տեսակոնֆերանսի ընթացքում ճապոնիայի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին վերը նշված երկու թեմայով երեսուն րոպե տեւողությամբ շնորհանդեսներ։
Այնուհետեւ գործնական շփման ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում ներկայացված հիմնախնդիրների վերաբերյալ՝ նպատակ ունենալով մշակել մի ընդհանուր ամփոփ մոտեցում։
Տեսակոնֆերանսի ավարտին երկու կողմերի մոդերատորները ամփոփեցին քննարկման արդյունքները։ Ձեռք բերվեց համաձայնություն, որ տվյալ տեսակոնֆերանսի արդյունքում մեկ ամսվա ժամկետում կմշակվի եւ կձեւավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկային նվիրված նախագիծ, որի շուրջ կրկին առցանց կոնֆերանսի միջոցով կկայանա իրատեսորեն մշակված ծրագրի քննարկում նպատակաուղղված Ճապոնական առաջավոր փորձի ներդրմանը Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում։



























