Քարնձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը մտահոգված է Մշակույթի նախարարության հայտարարած քարանձավները վարձակալության տալու մրցույթի ձեւից: Նա կարծում է, որ մրցույթի պայմանները մի շարք վտանգներ են պարունակում, եւ սա կարող է քարանձավների ոչնչացման հանգեցնել:
Ապրիլի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ կառավարությունը նախապես քննարկում էր քարանձավները վարձով տալ դրանց օգտագործման եւ պահպանման նպատակով: Մշակույթի նախարարության հրապարակած վերջնական փաստաթուղթը ներդրումային ծրագիր է դարձել, որը, քարանձավագետի կարծիքով, վկայում է, որ քարանձավները ոչ թե «կօգտագործվեն», այլ «կշահագործվեն»:
Նա հայտնեց, որ Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովի մեջ է մտել նաեւ ինքը եւ հնագետ Բորիս Գասպարյանը, որը պեղումներ էր կատարում Արենի-1 («Թռչնի») քարանձավում, որտեղ գտնվել է աշխարհում ամենահին կոշիկը: Սակայն օրերս նախարարության ներկայացրած վերջնական փաստաթուղթը խիստ տարբերվում է այն փաստաթղթից, որի պատրաստմանն իրենք մասնակցել են:
Սամվել Շահինյանի խոսքով՝ քարանձավագետները եւ հնագետները առաջարկել են քարանձավներ այցելելու համար տոմսեր վաճառել, եւ այս ճանապարհով միջոցներ վաստակել դրանց պահպանության համար: Մշակույթի նախարարությունում հաշվել են, որ այս միջոցները բավական չեն լինի, ասաց Սամվել Շահինյանը՝ շարունակելով, որ այս հուշարձանների գործառնության համար կից պետք է ենթակառուցվածքներ ստեղծվեն՝ զուգարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ, եւ սա նույնպես եկամտի աղբյուր է, իսկ ստացված եկամուտները նույնպես կարելի է քարանձավների բարեկարգման ու պահպանման համար օգտագործել: Սակայն, մասնագետի կարծիքով, հայտարարված մրցույթի պայմանները վկայում են, որ շահույթ ապահովող այս ենթակառուցվածքները, այսինքն՝ օբյեկտները, առաջնահերթ կդառնան, իսկ քարանձավները՝ երկրորդական: Սա զուտ բիզնես նախագիծ է:
Ի՞նչն է մասնագետին այս մտքին դրդում: Առաջին՝ նրա խոսքով, մասնագետների եւ ոչ մի խումբ ի վիճակի չէ պահանջվող բոլոր հետազոտությունները պրոֆեսիոնալ մակարդակով կատարել եւ 45 օրում ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նրա գնահատմամբ՝ դրա համար կարող է պահանջվել մինչեւ 18 ամիս: Սա նրան ստիպում է մտածել, որ ոմն X մարդ արդեն պատրաստի փաթեթ ունի, եւ նա էլ կդառնա մրցույթի հաղթողը, իսկ բոլոր մասնագետները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են այս քարանձավների հետազոտություններով եւ պահպանմամբ, խաղից դուրս վիճակում կհայտնվեն: Սամվել Շահինյանը նշեց, որ բոլոր քարանձավները գտնվում են բազմամարդ տուրիստական երթուղիներում, եւ այնտեղ ռեստորաններ ու օբյեկտներ ունենալը շատ շահութաբեր կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ Մշակույթի նախարարության մրցույթի շնորհիվ հողը վարձով կտրվի ձրի:
Երկրորդ՝ ներկայացված էկոլոգիական պահանջները նա անհամաչափ է համարում եւ կարծում է, որ էկոլոգներին կօգտագործեն, որպեսզի նրանցով քողարկվելով քարանձավները չբարեկարգեն (քանի որ էկոլոգները դեմ են դրանցում շինարարական աշխատանքներին): Նրա կարծիքով՝ քարանձավներ այցելությունները ձեւականորեն կարգելվեն, բայց իրականում մարդկանց թույլ կտան այնտեղ մտնել ծանոթությամբ կամ փողով՝ առանց մասնագետների հսկողության, ինչը կհանգեցնի քարանձավների ոչնչացմանը:
Քարանձավագետի խոսքով՝ մրցույթի պայմանների համաձայն հայտատուն պետք է 3 տարվա ընթացքում բանկային հաշիվներում ունենա ծրագրված ներդրումների հինգերորդ մասին հավասար գումար: Նրա խոսքով՝ այս կետն անհնար է դարձնում մրցույթին մասնագետների մասնակցությունը, առավել եւս, որ մինչեւ հիմա կատարված ներդրումները, այսինքն՝ ակտիվները, հաշվի չեն առնվելու: Ըստ որում, ըստ Սամվել Շահինյանի, միայն «Արջի» եւ «Մոզրովի» քարանձավների բարեկարգման համար կպահանջվի մոտ 5 մլն դոլար, եւ ինքը դժվարանում է թեկուզ մեկ օլիգարխի նշել, որը 3 տարվա ընթացքում հաշվում մեկ միլիոն դոլար պահի՝ այն շրջանառության մեջ դնելու փոխարեն:
Սամվել Շահինյանի պարզաբանմամբ՝ այս հուշարձանների հետազոտությամբ եւ պահպանմամբ զբաղվող մասնագետները միանգամայն այլ մոտեցում էին առաջարկել՝ մրցույթին ներկայացվում է ծրագիր եւ նախագիծ՝ առանց ներդրումների մասին նշելու: Եթե հաղթողը չկատարի իր պարտավորությունները, ապա վարձակալումից զրկում են: Աղձքում «Քարե դռներ» քարանձավի համար, օրինակ, գիտնականների խումբը մշակել է մի ամբողջ նախագիծ, որով նախատեսվում է հնագույն խաղողի այգիների, ծիրանի անհետացած տեսակների, հնագույն թոնիրների վերականգնում: Սակայն Սամվել Շահինյանը հիմա կասկածում է՝ արդյոք ինքը կմասնակցի նման պայմաններով մրցույթին:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը օրերս մրցույթ է հայտարարել 5 տարի ժամկետով 4 քարանձավ եւ քարանձավային 1 համալիր վարձով տալու մասին: Այս ակցիայի նպատակն է երկրում տուրիզմի զարգացումը:



























