Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները:

Ինչպես ապրիլի 14-ին  նիստի ժամանակ հայտարարել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը, վաղը հանձնաժողովը նորից նիստ կհրավիրի, որ թեկնածուների միջեւ բաշխի եթերային ժամանակը:

Ընտրություններին առաջադրվել են իշխող Հանրապետական կուսակցությունն ու երկու ընդդիմադիր ուժեր` «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը», «Հայկական վերածնունդ»-ն ու ՀՅԴ-ն ընտրություններին չեն մասնակցում: 

ՀՀԿ-ից առաջին եռյակում են ներառվել Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միջազգային գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը, Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ցուցակում են նաեւ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ինչպես նաեւ մայրաքաղաքի փոխքաղաքապետեր Կամո Արեյանն ու Վահե Նիկոյանը:

 «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա համապատասխանաբար Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը: 4-րդ տեղում է նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

 «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, այնուհետեւ Մնացական Պարակշիեւն ու Սոնա Աղեկյանը: Առաջին տասնյակում է նաեւ ինժեներ, արեւային էներգիայի քարոզիչ Վահան Համազասպյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա ապրիլի 21-ից մայիսի 12-ը ներառյալ:

Ըստ ընտրությունների` ավագանին կընտրի մայրաքաղաքի քաղաքապետին: Որպես քաղաքապետի թեկնածու` հանդես են գալիս համամասնական ցուցակի 1-ին համարի թեկնածուները: