Հյուսիսային Կորեան ապրիլի 16-ի առավոտյան հերթական հրթիռն է փորձարկել, որի տեսակը դեռեւս հայտնի չէ: Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ հրթիռն արձակվել է հյուսիսկորեական Սինխո քաղաքից ոչ հեռու տեղակայված բազայից: Փորձարկումն անհաջող է եղել:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հաստատել են փորձարկման փաստը՝ նշելով, որ հրթիռը «մեկնարկից հետո գրեթե անմիջապես պայթել է»:
Ըստ DW-ի՝ փորձագետները մտավախություն ունեն, որ պետության հիմնադիր Կիմ Իր Սենի 105-ամյակի կապակցությամբ կարող է բալիստիկ հրթիռ արձակվել կամ հերթական միջուկային փորձարկումը կատարվել:
Ապրիլի 15-ին Փհենյանում զինվորական շքերթի ժամանակ 56 տիպի հրթիռ է ցուցադրվել, այդ թվում, ենթադրաբար, նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ:




























