Վաշինգտոնում Կապիտոլիումի մոտ հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, որոնք ԱՄՆ նախագահ Թրամփից պահանջում են հրապարակել իր հարկային հայտարարագիրը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Նախագահ Թրամփն ամերիկյան կարեւոր ավանդույթը աղբամանը նետեց ճիշտ այնպես, ինչպես դեռահասն է թաքցնում վատ գնհատականներով օրագիրը», - ցուցարարների առջեւ ելույթ ունենալով՝ հայտարարել է ԱՄՆ Սենատի ֆինանսական հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ռոն Ուայդենը:
Նա հիշեցրել է, որ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով հրաժարվում է հրապարակել հարկերի վճարման մասին տեղեկատվությունը:
«Ժամանակն է դադարեցնել գաղտնիքներ պահելը եւ հրապարակել հայտարարագրերը: Սա ամենաբարդ որոշումը չէ, եւ մենք կպնդենք, որ դա արվի»,- ասել է Ուայդենը:
ԱՄՆ-ում ապրիլի 15-ն ավանդաբար համարվում է տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջին օրը: Այս տարի քանի որ այն համընկել է հանգստյան օրերի հետ, վերջին օրը համարվում է ամսի 18-ը:
Working Families Party-ի ներկայացուցիչ Ջո Դինքինի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հարկային հայտարարագիրը պետք է հրապարակվի Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցների՝ Կրեմլի հետ ունեցած հնարավոր կապերի վերաբերյալ հետաքննության համատեքստում:
Ամերիկյան 70 հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն այս հանգստյան օրերին անցկացվում են ԱՄՆ 150 քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում:




























