Արքայազն Հարրին Telegraph պարբերականի հետ իր հարցազրույցում անկեղծացել է մոր մահվան հետ կապված իր հոգեբանական խնդիրների մասին, հաղորդում է BBC-ն։
Արքայադուստր Դիանան զոհվել է 1977 թվականի օգոստոսին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ՝ թողնելով երկու որդիներին՝ Ուիլյամին եւ Հարիին։
«Մայրիկս մահացավ, երբ ես 12 տարեկան էի, եւ հաջորդ 20 տարիների ընթացքում ես հրաժարվեցի իմ բոլոր զգացմունքներից։ Այդ ամենը բավականին մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն իմ անձնական կյանքի, այլեւ իմ աշխատանքի վրա», - ասել է Հարրին։ « Ես դա հաղթահարում էի այսպես՝ պարզապես գլուխս թաղում էի ավազի մեջ՝ հրաժարվելով նույնիսկ մտածել մայրիկի մասին, մի՞թե դա կօգնի», - խոստովանել է նա։
Արքայազնի խոսքով՝ մինչ որոշակի պահը ինքը «տիպիկ 20, 25, 28-ամյա երիտասարդ էր, ով ասում էր բոլորին, թե կյանքը հիասքանչ է, կամ կյանքը լավն է»։
Արքայազն Հարրին ասել է, որ կորուստը վերաիմաստավորելու հարցում իրեն օգնել է եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, ով ասել է. «Լսիր, իրականում դու պետք է պարզաբանես դա։ Աննորմալ է մտածելը, որ այդ ամենը քեզ վրա չի ազդել»։
«Իսկ հետո մի քանի զրույցներ տեղի ունեցան, եւ անսպասելիորեն, այդ ամբողջ վիշտը, որը ես երբեք չեմ մշակել, սկսեց առաջնային դառնալ։ Եւ ես հասկացա, որ շատ բաներ կան, որոնք ես պետք է պարզաբանեմ», - ասել է նա։
Իր կյանքի այդ ժամանակաշրջանն արքայական ընտանիքի անդամն անվանել է «ամբողջական քաոսի երկու տարիներ»։
Արքայազն Հարրին ասել է, որ կյանքի դժվարությունները հաղթահարել իրեն օգնել է զինծառայողների վերականգնողական ստորաբաժանումում իրականացրած ծառայությունը։ Այնտեղ նա մասնավորապես շփվել է ռազմական հակամարտությունում տուժած վետերանների հետ։
Արքայազնն ասել է, որ մի քանի անգամ դիմել է հոգեթերապեւտի։
Բացի այդ, ագրեսիան հաղթահարել Հարրիին օգնել են բռնցքամարտի պարապմունքները։




























