Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող հետամուտ լինեն Կարեն Դեմիրճյանի թողած ժառանգությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի առթիվ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
«Ո՞նց պիտի այս իշխանությունները հետամուտ լինեն Կարեն Դեմիրճյանի թողած ժառանգությանը: Կարեն Դեմիրճյանի կառուցած, երազած Հայաստանը բոլորովին այլ Հայաստան էր, մարդաշատ Հայաստան էր, կառուցվող, շենացվող աշխատող Հայաստան էր, իսկ այսօրվա Հայաստանն ինքներդ տեսնում եք՝ մարդաթափված, աղքատություն, գործազրկություն: Այս Հայաստանը ո՞նց կարող է Կարեն Դեմիրճյանի երազած Հայաստանը լինել, չէր կարող»,-ասաց նա:
Անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությանը, Ջհանգիրյանն ասաց. «Հոկտեմբերի 27-ը 1999 թվականին փոխեց ամբողջ քաղաքական դաշտը, ճիշտ է, դրա ձեւակերպումը տեղի ունեցավ 2000 թվականի գարնանը՝ ապրիլ-մայիսին, բայց փաստացի հենց այդ օրն էլ ամեն ինչ փոխվեց: Ժողովրդի վստահության քվեով, լայն վստահության, համատարած աջակցության քվեով իշխանության եկած դաշինքը գլխատվեց: Հետո նաեւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներից ելնելով մասնատվեց, քայքայվեց եւ քաղաքական ասպարեզից դուրս եկավ»:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի ԱԺ-ում մի խումբ հանցագործների կողմից (Նաիրի հունանյանի գլխավորությամբ) գնդակահարվեց 8 մարդ, այդ թվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը:




























