Ասորական համայնքը ԱԺ-ում հիմնականում բարձրաձայնելու է մշակութային եւ կրթական հարցեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւան՝ նշելով, որ ասորական համայնքը քաղաքական խնդիրներ չունի պետության հետ:

«Մենք միշտ անդրադառնում ենք մեր լեզվի խնդրին, այն հայերենի հետ մեկտեղ դասավանդվում է դպրոցներում, բայց այստեղ խնդիր կա, որովհետեւ ուսուցիչները քիչ են, ոչ բոլորն են, որ լեզուն գիտեն, տառաճանաչ են: Հուսով եմ, որ այս կարգի խնդիրները կմտնեն Ազգային ժողով եւ ինչ-որ ձեւով լուծում կստանան»,- ասաց նա:

Անահիտ Խոսրոեւան համոզված է, որ Ազգային ժողով անցած 4 փոքրամասնությունները պետք է համագործակցեն, ներկայացնեն ոչ միայն այդ 4 ազգերի, այլ նաեւ Հայաստանում գրանցված բոլոր 11 ազգերի խնդիրները:

Նշենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացված են լինելու ասորական, քրդական, եզդիական եւ ռուսական համայնքներից համապատասխանաբար մեկական ներկայացուցիչ: