Թուրքիան ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում: Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջի ընթացքում նման կարծիք է հայտնել թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ այս միտումը մասամբ հանգեցնում է ագրեսիայի՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Կարեւոր է, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները Եվրամիության հետ, չնայած իրավիճակն առայժմ հուսադրող չէ»,- նշել է փորձագետը: Նրա կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները կսրեն հարաբերությունները Եվրոպայի հետ:

Արտաքին հարաբերությունների առումով նույնպես Թուրքիան կարող է ավելի պակաս կառավարելի դառնալ, դա կարտահայտվի Թուրքիայի տարածաշրջանային գործողություններով: Անկարան որոշակի հավակնություններ ունի, որոնք ցուցադրում է յուրաքանչյուր հարմար առիթով: Ըստ Հովսեփյանի՝ խոսքը Սիրիայի, Իրաքի մասին է, եւ սրանով Թուրքիայի ախորժակը չի սահմանափակվում: