Չնայած թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողների ակտիվացմանը, Brent տեսակի նավթի բարելի միջին գինը 2017-ի 4-րդ եռամսյակում կարող է վերադառնալ 65 դոլար մակարդակին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Citigroup-ի վերլուծաբաններին:
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման մեծացումը կարող է փոխհատուցվել նախկինում ՕՊԵԿ-ի եւ նրա դաշնակիցների կնքած արդյունահանման կրճատման գործողությունների ժամկետի երկարացման հաշվին:
Դրա հիման վրա նրանք ենթադրում են, որ տարվա երկրորդ կեսին նավթի գները բարելի դիմաց 60 դոլարից կանցնեն: Citigroup-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2017-ի 4-րդ եռամսյակում WTI տեսակի նավթի բարելի գինը կարող է կազմել 62 դոլար, իսկ Brent-ինը՝ 65 դոլար, ինչը գրեթե 10 տոկոսով բարձր է գների ներկայիս մակարդակից:
Citigroup-ի փորձագետները միաժամանակ զգուշացնում են, որ ՕՊԵԿ-ի եւ նրա գործընկերների գործարքի երկարացումից հրաժարվելը կհանգեցնի գների կտրուկ անկման, քանի որ 2016-ի վերջին արտադրողների ցուցադրած արդյունահանման ծավալներն էապես մեծացնելու ունակությունը «սեւ ամպի պես կախված է շուկայի վրա»:
ՕՊԵԿ-ի եւ կարտելի մեջ մտնող մի քանի երկրների նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017-ի սկզբին:




























