ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության երկարաձգումը կապված չէր անձի հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը:

Նրա խոսքով, այդ ձգձգումը պայմանավորված էր ռուս-բելառուսական հարաբերություններով։

Անդրադառնալով կոնկրետ Յուրի Խաչատուրովի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, իսկանդարյանը նշեց, որ դա, իհարկե, վատ չէ, բայց լուրջ սպասելիքներ չարժե ունենալ. «Իհարկե, վատ չէ, որ հենց Հայաստանի ներկայացուցիչն է այդ տեղում լինելու, բայց դրանից իրավիճակ չի փոխվի։ Յուրի Խաչատուրովի նշանակումը որևէ մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի Հանրապետության համար: Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում լուրջ համագործակցություն ունեն, որը պայմանավորված չէ այդ կառույցը գլխավորող անձերով»։

Քաղաքագետը նկատեց, որ դա ընթացակարգային գործընթաց է, վաղը Հայաստանի ներկայացուցչին կփոխարինեն ՀԱՊԿ այլ անդամ երկրի ներկայացուցիչները, բայց դա չի նշանակում, որ տվյալ երկրի համար այդ նշանակումը որոշակի իրավիճակ կփոխի:

Նշենք, որ օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինել է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: