Երեխային տեսակցելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին կնոջն ու նրա ծնողներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանը հաճախ է անհանգստացրել նախկին կնոջը, վիճաբանություն սարքել, ծեծել եւ հայհոյել նրան ու ծնողներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարնում իր ցուցմունքում ասաց գործով տուժող եւ տուժողի իրավահաջորդ ճանաչված Վաչագան Մանսուրյանը: Նա նշեց, որ ամբաստանյալը ամուսնալուծությունից հետո երեխայի հետ տեսակցություններ է պահանջել գիշերը ժամը մեկից հետո եւ հենց այդ պատճառով էլ երեխային տեսակցելու շուրջ վեճեր են առաջացել:

«Երեխային տեսակցելը դրոշակ է սարքել, այն դեպքում, երբ անձամբ է հրաժարվել այդ երեխայից: Ի՞նչու պետք է երեխային գա տեսակցության գիշերվա ժամը 1-ին եւ ինչու՞ պետք է նորմալ մարդը թույլ տա, որ այդ ժամին երեխային տեսնի: Ամեն անգամ գալիս էր, շենքում վիճաբանություն սարքում, աղջկաս անբարոյական անվանում, այն դեպքում, երբ իմ աղջիկը ժամերով աշխատում է, որպեսզի իր երեխային պահի»,-ասաց Վաչագան Մանսուրյանը:

Նա նշեց, որ ամուսնությունից հետո Վլադիկ Մարտիրոսյանը բնակվել է իրենց տանը, չի աշխատել, ոչինչ չի արել իրենց ամուսնությունը պահպանելու համար: Նրան պահել են կինն ու կնոջ ծնողները:

«Անգամ շորերն ենք մենք առել, կինս 8 ամիս կերակրեց, պահեց, որ իր ձեռքերով, իր տանը կացինով սպանվեր սրա նմանի ձեռքով»,-ասաց նա:

Նշենք, որ Վլադիկ Մարտիրոսյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի մորը վիճաբանության ժամանակ կացնով սպանելու մեջ, իսկ նախկին կնոջն ու նրա հորը՝ Վաչագան Մանսուրյանին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Վլադիկ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ըստ մեղադրական եզրակացության` Թադուհի Մանսուրյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում նախկին ամուսնու կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ եւ նրա նկատմամբ կատարել բռնի գործողություններ. դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը:

Բացի դրանից, Մանսուրյանը 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վլադիկ Մարտիրոսյանի հետ եւ դիտավորությամբ ճանկռել թեւերը: Մեկ այլ օր նույնպես Թագուհի Մանսուրյանը, ըստ մեղադրանքի, վիճաբանել է նախկին ամուսնու հետ եւ ճանկռել նրա ձեռքերը:

Այս գործով մեղադրյալ է նաեւ Վլադիկ Մարտիրոսյանը: Մեղադրական եզրակացության համաձայն` Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում վիճել է նախկին կնոջ հետ եւ քաշքշել է նրան եւ տվել սպանության սպառնալիք: Բացի դրանից, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմաններում նախկին կնոջից` Թագուհի Մանսուրյանից, պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել:

Հաջորդ օրը նույնպես Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ հոր հետ եւ տվել սպանության սպառնալիք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը մի քանի անգամ հարվածել է նրան: Հունիսի 22-ին նույնպես Մարտիրոսյանը որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորն ու նրա ընտանիքի անդամներին:

Հուլիսի 8-ին էլ Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ դիտավորյալ հարվածել նրա գլխին:

Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին` ՔՕ 118-րդ հոդվածով: