ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում գողության փորձ կատարած անձը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
2017 թվականի ապրիլի 14-ին հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փողոցի բնակելի շենքի բնակարաններից մեկում գողության փորձ է կատարվել։ Նախնական տվյալներով՝ ժամը 13:00-ի սահմաններում առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է Երեւանի բնակիչ Մ.Աբրահամյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, մտել ներս եւ հափշտակել տարբեր տեսակի զարդեր ու կանացի ժամացույցներ: Այդ պահին եկել են տանտիրոջ ազգականները եւ նկատել առերեւույթ հանցագործություն կատարող անձին։ Վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն ազգականները նրան բռնել են շենքի բակում։
Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Մ.Աբրահամյանը ճանաչվել է տուժող: Պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը Վրաստանի քաղաքացի է, 58 տարեկան։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս ներկայացրել է բնակարանից հափշտակված իրերը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 15-ին 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




























