Նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու գործով ամբաստանյալը անընդհատ հետապնդել է նրանց:  Այսօր՝ ապրիլի 18-ին, նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը մարմնական վնասվածքներ հասցնելու գործով դատական նիստին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքի ժամանակ ասաց քրեական գործով տուժող եւ տուժողի իրավահաջորդ ճանաչված Վաչագան Մանսուրյանը: Նա նշեց, որ իր նախկին փեսան՝ Վլադիկ Մարտիրոսյանը, երեխային տեսակցելու պատճառաբանությամբ անընդհատ անհանգստացրել է իր ընտանիքի անդամներին, իրենք այդ մասին տեղյակ են պահել ոստիկանությանը, սակայն, ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

«Ոստիկանություն եմ դիմել, ասել եմ, որ անընդհատ հետապնդում է ինձ, աղջկաս, թոռնիկիս: Այդպես էլ ոչինչ չարեցին: Ասել եմ՝ ստուգեք տեսախցիկները, տեսեք, որ այդ մարդն անընդհատ հետապնդում է ինձ, այն դեպքում, երբ մեքենայի մեջ անչափահաս երեխա կա, վթարային իրավիճակ է ստեղծվում: Բայց անտարբերության մատնեցին»,-ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կինը՝ Թագուհի Մանսուրյանն էլ նշեց, որ իր մոր սպանության օրն ինքն ու մայրը ոստիկանությունից են վերադառնալիս եղել, իրենց տուն են ուղեկցել պարեկային մեքենայով: Մայրը իրենց ուղեկցող ոստիկաններին խնդրել է, որպեսզի ստուգեն՝ արդյոք գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը շենքի տարածքում է, որպեսզի կարողանան բարձրանալ տուն: Սակայն, պարեկային մեքենայի մեջ գնտվողները մեքենայից չեն իջել, մեքենայում նստած դուրս են նայել եւ ասել, որ ոչ ոք չկա, հանգիստ գնացեք:

«Մայրս պարեկային մեքենայով մեզ տուն ուղեկցողներին խնդրեց, որպեսզի մեզ հետ իջնեն, տեսնեն, արդյոք Վլադիկն այդտեղ չէ, որ հանգիստ տուն վերադառնանք: Բայց նրանք չիջան մեքենայից, ուղղակի մեքենայի մեջ նստած գլխով աջ ու ձախ արեցին ու ասացին՝ մայրիկ ջան այդտեղ չէ, հանգիստ գնացեք: Մենք էլ իջանք, որ բարձրանանք տուն»,-պատմեց Թագուհի Մանսուրյանը:

Նա նշեց, որ մեքենայից իջնելուց ընդամենը րոպեներ անց Վլադիկ Մարիրոսյանը կացնով սպանել է մորը եւ մարմնական վնասվածքներ հասցրել իրեն ու հորը:

«Բարձրանում էինք տուն, դուռն էի ուզում բացել, ուսիս հարված զգացի, հետ նայեցի Վլադիկն է՝ ձեռքին կացին: Սկսեցի գոռալ, մայրս իմ ու Վլադիկի մեջտղը կանգնեց, փորձեց պաշտպանել ինձ, հետո էլ բան չեմ հիշում, արթնացել եմ հիվանդանոցում, ինձ անգամ չեն էլ ասել, որ մայրս էլ չկա»,-ասաց նա:

Թագուհի Մանսուրյանը պատմեց սպանությունից մեկ օր առաջ տեղի ունեցածը: Նա նշեց, որ հուլիսի 7-ին իր ծննդյան օրն է եղել: Որդու հետ գնացել է կենդանաբանական այգի, տուն վերադառնալուց հետո մասնագիտությամբ մատնահարդար Թագուհին ուշ ժամի գնացել է հաճախորդի տուն, որը հարս է եղել, նրա մատները հարդարելու:

«Գիշերը 1:30-ի սահմանում, երբ տուն վերադարձա, հայրս զանգեց, ասաց, որ Վլադիկը շենքի մոտ է, ձենը գցել ա գլուխը, պադեզդի մյուս կողմից արի, որպեսզի քեզ չտեսնի, չհարձակվի: Մայրս ու հայրս պադեզդի դռան մոտ էին կանգնած, ինքն էլ մի քիչ հեռու, երբ մոտեցա, որ անցնեմ, նա հեռախոսով նկարում եւ ասում էր՝ անբարոյական ես, ուշ ժամի ես վերադառնում տուն եւ խփում է ինձ: Մայրս ու հայրս ինձ տուն են ուղարկում, հետո սկսում է հայրիկիս ու մայրիկիս խփել: Մայրս ու հայրս ոստիկանություն էին զանգել, ասել էին՝  աղջիկս վերադառնալու է, եկեք, կանխեք, որ չհարձակվի աղջկաս վրա: Ոստիկանությունից հարցնում են՝ ի՞նչ է անում, մայրս ասում է  կանգնած ա, իրենք էլ, թե որ կանգնած է, էլ ուր գանք: Հետո Վլադիկ Մարտիրոսյանը զանգել է  ոստիկանություն, ասել, թե մենք ենք խփել նրան: Ոստիկանությունից եկան մեզ բերման ենթարկելու, ես թույլ չտվեցի, որ հայրս գա բաժին՝ ասելով, որ  անհրաժեշտ է, որ որդուս մոտ մեկը մնա: Վլադիկին էլ բերման էին ենթարկում, չենթարկվեց: Դատաբժշկի թուղթ տվեցին, որպեսզի առավոտյան ես ու մայրս գնանք կրկին ոստիկանություն, որովհետեւ մարմնական վնասվածքներ ունեինք, իսկ Վլադիկ Մարտիրոսյանին այդպես էլ չկարողացան բերման ենթարկել: Առավոտյան գնացինք ոստիկանություն, հետո վերադառնալիս էլ պատահեց դժբախտ դեպքը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: