Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է չորս տարվա պայմանագրային զինծառայության ընդունելության մասին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: 

Պայմանագրային զինծառայողներ կարող են դառնալ Վրաստանի այն քաղաքացիները, ում 27 տարեկանը լրացել է, պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել եւ պարտադիր զինվորական հաշվառման են վերցված, նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Պայմանագային զինծառայողներ կարող են դառնալ պահեստի շարքայինները, կապրալները եւ սերժանտները (միչմաններ), որոնց տարիքը 35 տարեկանից չի անցնում:

Պայմանագրային զինծառայող դառնալ ցանկացողները փաստաթղթերը հանձնելուց հետո զինվորագրված կհամարվեն եւ 10 շաբաթվա նախնական մարտական պատրաստականության դասընթաց կանցնեն (BCT — Basic Combat Training), որը կսկսվի հունիսի 5-ից:

Դասընթացը հաջողությամբ անցնելուց հետո զինվորագիրները կտեղաբաշխվեն ռազմական համապատասխան ստորաբաժանումներում: 10 շաբաթվա ընթացքում նրանք կյուրացնեն մարտավարական եւ ռազմաինժեներական հմտությունները, զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանությունը, ֆիզիկական եւ ռազմա-բժշկական պատրաստականություն կանցնեն, կսովորեն ընդհանուր ռազմական կանոնադրությունը եւ օրենքները:

Ապագա զինվորականները կանցնեն նաեւ շարային եւ կրակային, կապի, ռազմական տեղագրության պատրաստություն:

Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ 4 տարվա ընթացքում պայմանգրայինները նյութական բարձր պարգեւատրումներ կստանան, որոնք կաճեն կոչումից, պաշտոնից եւ զինվորական ստաժից կախված: Դրանից բացի, նրանք ապահովվում են ժամանակակից հանդերձավորմամբ եւ անվճար բժշկական սպասարկմամբ:

Բարձր աշխատավարձից զատ, պայմանագրային զինծառայությունը կարիերայի աճի հնարավորություն է տալիս: Զինվորականներն իրենց պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու հնարավորություն են ստանում տեղական եւ արտասահմանյան հրահանգիչների օգնությամբ, նաեւ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու միջոցով: