Երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանն ինքն է հրաժարվել սեփական երեխայից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա նախկին կինը՝ Թագուհի Մանսուրյանը: Նա նշեց, որ երեխայի ծնվելուց հետո նա ծննդատուն չի գնացել եւ «հրամայել» է՝ երեխային իր ազգանունով չգրանցել:
«Ոչ ինքը, ոչ ծնողները երեխայի ծնվելուց հետո չեն եկել ծննդատուն, զանգել ենք, որ գան, բայց ոչ մի արձագանք: Հետո արդեն, երբ դուրս էի գրվելու եւ անհրաժեշտ էր գրանցել երեխային, ասաց, որ իր ազգանունով չգրանցեմ, ինքը հրաժարվում է երեխայից: Երեխայիս հետ ծնողներիս տուն ենք եկել, ծնողներս են խնամել մեզ, իսկ հետո հայրս ու ես ենք աշխատել երեխային պահելու համար»,-ասաց նա:
Թագուհի Մանսուրյանը նշեց, որ ավելի ուշ ինքը ամուսնալուծություն եւ ալիմենտ է պահանջել, դատարանը մասնակի բավարարել է իր պահանջը՝ երեխայի խնամքը հանձնելով իրեն:
«Պահանջել եմ ամուսնալուծություն եւ ալիմենտ: Դատարանը բավարարել է այն պայմանով, որ երեխայի տեսակցությունը լինի ԴԱՀԿ-ում: Հարկադիրի բակում կա «Հեքիաթ» սենյակ, որտեղ ծնողները տեսակցում են իրենց երեխաներին: Երեխային տարել եմ հոկտեմբերին, Վլադիկը եկավ, երեխային կուռտկա էր բերել, փափուկ խաղալիք: Բայց, երեք օր անց «Նորքի» ինֆեկցիոնում հայտնվեցինք, երեխայի մոտ սուր վարակիչ ինֆեկցիա էր հայտնաբերվել: Բժիշկն ասաց, որ երեխայի շուրթերը մի համբուրեք, ես հիշեցի, որ Վլադն ա էդ օրը համբուրել երեխայի շուրթերը: Բացի այդ էլ, հարկադիրի տեսակցությունների սենյակն այնքան էլ մաքուր չէ: Դրանից հետո երեխայի հետ տեսակցությունների չի եկել Վլադիկը, դիմում էր ներկայացրել, ասելով, որ Արցախում է ապրում եւ ամեն անգամ չի կարող գալ նշանակված՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին: Բայց ինքը Շենգավիթում էր, տաքսի էր վարում, ուղղակի չի ուզել գալ»,-ասաց նա:
Թագուհի Մանսուրյանը նշեց, որ իր մորը կացնով սպանած նախկին ամուսնու պատճառաբանությունները, թե այդ քայլին է գնացել երեխայի հետ տեսակցություններ թույլ չտալու պատճառով չափազանցված են, քանի որ հենց նա է հրաժարվել երեխայի հետ տեսակցություններից:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:




























