Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանի շահերի պաշտպանը ապրիլի 18-ին դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Արմեն Մելքոնյանը նշեց, որ  բողոքարկել է առաջին ատյանի դատարանի՝ իր պաշտպանյալի կալանավորման մասին որոշումը:

Նա նշել էր, որ առաջին ատյանի դատարանի՝ Ալեքսան Սամսոնյանին կալանավորելու որոշումը հիմնավորված չէ, Ալեքսան Սամսոնյանին վերագրել են որոշ արարքներ, որոնք նա չի կատարել՝ ուռճացված է նաեւ հատված ծառերի թիվը:

Պաշտպանի խոսքով, արարքն ուռճացվել է, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 1-ին մասով, այլ 3-րդ, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:

Ալեքսան Սամսոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: