Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր՝ ապրիլի 19-ին, դատարանից պահանջեց վարույթից հեռացնել դատախազ Կարեն Բիշարյանին:
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ դատավոր Վաչե Մարգարյանը հարցրեց, թե կա ցանկանում են բացարկ հայտնել դատախազին, Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ դատախազը պետք է վարույթից հեռացվի, քանի որ պատշաճ դատախազ չէ:
Ամբաստանյալի խոսքով, նախաքննության ընթացքում գործը վերահսկել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հետեւաբար դատաքննության ընթացքում նույնպես նա պետք է պաշտպանի մեղադրանքը:
«Մեղադրանքը կարող է պաշտպանել կամ էլ նախաքննության ընթացքը վերահսկած դատախազի վերադասը, իսկ գլխավոր դատախազը, գիտեք, որ վերադաս չունի: Գլխավոր դատախազին չի կարող փոխարինել մեկ այլ դատախազ, նույնիսկ նրա առաջին տեղակալը: Բիշարյանը պետք է հեռացվի վարույթից, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանի Արթուր Դավթյանը: Եղբայր, օրենքով դատեք»,- ասաց Իշխան Բարսեղյանը:
Նրա պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը: Փաստաբանները պահանջեցին, որ գլխավոր դատախազը ֆիզիկապես ներկա գտնվի նիստերին: Մեղադրող Կարեն Բիշարյանը, սակայն, ամբաստանյալի միջնորդությունը որակեց «իրավական ակտի կամայական մեկնաբանություն» եւ նշեց, որ այն որպես միջնորդություն քննարկման ենթակա չէ:
Դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարեց, որ Բիշարյանը պատշաճ դատախազ է եւ օրենքով սահմանված որեւէ հիմք չկա նրան վարույթից հեռացնելու:
Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:




























