ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ճակատեն գյուղում ապօրինի ծառահատման դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտին Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի «Մաչի խութ» կոչվող տարածքից մինչեւ աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատվել է տարբեր տեսակի եւ տրամագծի 35 ծառ` պետական անտառային ֆոնդին պատճառելով խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ 2017թ. ապրիլի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են նույն գյուղի 3 բնակիչներ: Վերջիններս ներգրավվել են որպես կասկածյալ, հարցաքննվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: