«Անելիք բանկի» իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: Այս անգամ նիստի հետաձգման պատճառը իրավաբանի սպանության մեջ մեղադրվող Մկրտիչ Մինասյանի՝ դատական նիստի ընթացքում ինքնազգացողոթյան վատացումն է եղել: NEWS.am-ի հետ զրույցում  ամբաստանյալի կինը՝ տիկին Կարինեն, նշեց, որ դատարան շտապօգնություն է կանչվել, նրա խոսքով՝ ամուսինը սրտի հետ կապված խնդիր ունի եւ դատարանը որոշում է կայացրել հետաձգել նիստը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի կինը՝ տիկին Կարինեն, NEWS.am-ին պատմել էր, որ  սպանված Հովհաննես Աթայանի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը նաեւ դատախազ է, նախորդ դատական նիստի ժամանակ հարձակվել էր ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառել:

Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։

Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը  նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:

Հիշեցնենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը: