Աշխարհի ցանկացած քաղաքում, ցանկացած քաղաքային իշխանության խնդիրն այդ քաղաքի բնակիչների կյանքը հեշտացնելն է: Այս ամսին այսօր՝ ապրիլի 19-ին, «Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոյի ժամանակ ասաց քաղաքապետի թեկնածու Նիկոլ փաշինյանը: Նա նշեց, որ հակառակ դրան, Երեւանի այժմյան իշխանություններն ամեն ինչ անում են բնակիչների կյանքը դժվարացնելու համար:
«Քաղաքային իշխանություններին պետք է հետաքրքրի՝ ինչ տանիքի տակ են քաղաքի բնակիչներն ապրում, ինչ վերելակով են իջնում եւ բարձրանում, ինչքան ժամանակում են հասնում կանգառ, էդ կանգառում ինչքան ժամանակ են սպասում քաղաքային տրանսպորտին, տրանսպորտի գալուց հետո ինչ դիրքում են երթեւեկում՝ կռացած, ոլորված, ծռված, թե արժանապատիվ նստած: Մեր թիմի առաքելությունը Երեւան քաղաքում երեւանցիների կյանքը հեշտացնելու առաքելությունը ստանձնելն է, որովհետեւ Երեւանում այսօր մարդկանց կյանքն ամեն պահ սթրեսների, անհարմարությունների հետ է կապված: Երեւանի քաղաքային իշխանությունները խնդիր ունեն անընդհատ նոր անհարմարություններ պատճառելու: Մենք ի վիճակի ենք ստանձնել իշխանությունն եւ այդ իշխանությունը իրացնել այդ պայմանների կատարմամբ, պետք է ապացուցնեք, որ Հայաստանում ընդդիմադիրները կարող են ստանձնել իշխանությունը եւ ժողովուրդը կարող է գոհ մնալ իր ընտրությունից»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանում այսօր՝ ապրիլի 19-ին, մեկնարկել է «Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն, որի արդյունքում հավաքված գումարն ուղղվելու է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծախսերը հոգալուն:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:




























