Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ նվիրատվությունների մասին որոշ կարգադրություններ հասկանալի չեն: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ներկայումս Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ուսումնասիրել եմ Երեւանի քաղաքապետի 2015թ., 2016թ. եւ 2017թ.-ի մարտ, ապրիլ ամիսների կարգադրությունները, հատկապես «Գումար հատկացնելու» նպատակով տրվածները:
2015-ի մարտին տրվել է 75 կարգադրություն, որոնցից 17-ը՝ այդ նպատակով, 2016-ին՝ 78-ից 21-ը, 2017-ին՝ 80-ից 36-ը:
2015-ի ապրիլին տրված 48 կարգադրություններից 24-ն են «Գումար հատկացնելու» նպատակով, 2016-ի ապրիլին՝ 80-ից 26-ը, 2017թ. ապրիլին՝ 27-ից 17-ը: Նկատելի է 2016թ.-ի համեմատությամբ 2017-ի մարտ, ապրիլ ամիսներին «Գումար հատկացնելու» նպատակով կարգադրությունների աճը:
Իհարկե, 2017թ.-ի կարգադրությունների մեջ կան նվիրատվություններ, որոնց նպատակը ողջունելի ու հասկանալի է, օրինակ՝ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին, կամ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնին հատկացված նվիրատվությունները: Հասկանալի, բայց ողջունելի չեն «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից տարբեր վարչական շրջանների՝ սոցիալապես անապահով անձանց նվիրատվությունների մասին կարգադրությունները, որոնց թիվն այս տարի նկատելիորեն ավելացել է, եւ իրավունք ունեմ ենթադրել, որ դրանք ուղիղ կապված են ընտրությունների հետ:
Սակայն կան նվիրատվություններ, որոնց տալու նպատակը բոլորովին հասկանալի չէ, կարգադրության մեջ նվիրատվության նպատակի մասին ոչինչ գրված չէ: Մասնավորապես.
Ինչո՞ւ է.
• 258-Ա 18.04.2017թ. կարգադրությամբ «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ին տրվել 6.588 մլն նվիրատվություն:
• 235-Ա 03.04.2017թ. կարգադրությամբ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երեւան» հիմնադրամին որպես նվիրատվություն տրվում 16950.0 (տասնվեց միլիոն ինը հարյուր հիսուն) հազար դրամ:
• 256-Ա 14.04.2017թ. կարգադրությամբ «Երեւան» հիմնադրամին որպես նվիրատվություն հատկացվում 2500.0 (երկու միլիոն հինգ հարյուր) հազար դրամ:
• 254-Ա 14.04.2017թ. կարգադրությամբ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ին որպես նվիրատվություն հատկացվել 42632.9 (քառասուներկու միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր) հազար դրամ:
Սրանք միայն մեկ ամսվա մեջ արված անհասկանալի նվիրատվություններն են, կարելի է պատկերացնել, թե տարվա կտրվածքով դրանք որքան կլինեն ու անել համապատասխան հետեւություններ այն մասին, թե երեւանցիներին ծառայելու փոխարեն բյուջեն ում է ծառայում: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այս կարգադրություններով դուրս գրված միլիոնների ծախսի նպատակն անհայտ է:
Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, երեւանցիներն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ սպասվող ընտրություններում ակնկալում են այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Համոզված եմ, որ նրանք ուզում են ընտրել քաղաքական այն թիմը, որը Երեւանի բյուջեի յուրաքանչյուր լուման կբաշխի արդյունավետորեն, խնամքով, ծանր ու թեթեւ անելով եւ յուրաքանչյուր լումայի համար կներկայացնի հաշվետվություն»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Ընտնրություններին մասնակցում է երեք ուժ՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:




























