Ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի պատվիրակության ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ճապոնիայի եւ Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես՝ «Հրշեջ սարքավորումների բարելավման» եւ «Ճգնաժամային եւ աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրերը:
«Հրշեջ սարքավորումների բարելավման» ծրագիրը նպատակ ունի բարելավել եւ հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով համալրել Հայաստանի մարզերը:
«Ճգնաժամային եւ աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագիրը ենթադրում է ԱԻ նախարարությունում ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման կարողությունների հզորացում, ինչը կհանգեցնի նաեւ մարզերում արտակարգ իրավիճակների ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Իր խոսքում՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ աշխատանքն էլ ավելի ընդլայնվելու հնարավորություններ ունի՝ ինչը կնպաստի Հայաստանի մարզերում աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացմանն ու ռիսկերի նվազեցմանը:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ստորագրելու են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երրորդ՝ վերջին ուսումնասիրության) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:




























