ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ ապրիլի 24-ին ելույթ կունենա Չիկագոյի համալսարանում։ Associated Press (AP)-ի փոխանցմամբ Օբամայի ելույթը կլինի Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100-րդ օրից ընդամենը մի քանի օր առաջ։

Associated Press-ը նշում է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Օբաման մտադիր է զբաղվել երիտասարդ ամերիկացի առաջնորդներին խրախուսելով ու աջակցելով։

Նախկին նախագահի առաջին հրապարակային ելույթի համար Չիկագոյի համալսարանի ընտրությունը պատահական չէ։ Օբաման 10 տարի այնտեղ դասավանդել է  իրավունք ու անցած տարվա հուլիսին որոշում է կայացվել, որ համալսարանի մոտ, Ջեքսոն պարկի տարածքում, կառուցվելու է Օբամայի նախագահական գրադարանը։

Նախագահական անվանական գրադարաններ ստեղծելու ավանդույթը ԱՄՆ-ում սկիզբ է առել Սպիտակ տան 32-րդ ղեկավար Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի օրոք, որը 1939-ին իր սեփական կալվածքում հողատարածք է տրամադրել գրադարանային թանգարանային համալիր կառուցելու համար։ Նրա օրինակին հետեւել է նաեւ հաջորդ նախագահ Հերբերտ Գուվերը։ 1955-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրենք նախագահական գրադարանների մասին։ Այդ գրադարաններում պահվում են նախագահների արխիվները Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը լքելուց հետո։

Ակնկալվում է, որ Բարաք Օբամայի նախագահական գրադարանը կկառուցվի ու կբացվի Չիկագոյում մինչեւ 2021 թ։