Արցախում բանտային պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիներ Ասկերովի եւ Գուլիեւի վիճակը մշտական մոնիթորինգի ներքո է: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի պետական հանձնաժողովի հայտարարությունը՝ նշված քաղաքացիների առողջական խնդիրների մասին:

«Ադրբեջանական կողմն այս հարցը մշտապես շահարկում է: Սրա հետ կապված հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբեք նման գործողությունների չեն դիմել: Այս անձինք հանցագործներ են, նրանց դատարանն է դատապարտել, եւ այսուհանդերձ, նրանց առողջական վիճակը մոնիթորինգի ներքո է, եւ անհրաժեշտ բոլոր դեպքերում նրանց անմիջապես պրոֆեսիոնալ օգնություն է ցուցաբերվում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նախագահի մամուլի քարտուղարն արձանագրեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչների համանման հայտարարությունները կարելի է բնութագրել որպես սեփական ժողովրդի, Ասկերովի եւ Գուլիեւի հարազատների նկատմամբ ահաբեկչություն: «Ըստ որում՝ Ադրբեջանի իշխանությունները մոռանում են հայ գերիների նկատմամբ կատարած սեփական վայրագությունների, օրգանների վաճառքի մասին»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը: Այս կապակցությամբ նա նշեց, որ Ադրբեջանում գերիների, պատանդների, միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների պահպանման նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքը պարունակում է հոգեկան խանգարման ակնհայտ նշաններ:

«Բուդապեշտում դասընթացների ժամանակ քնած մարդուն սպանողը բարձրացվել է ազգային հերոսի աստիճանի, հայ զինվորի գլխով կեցվածք ընդունողը բարձրագույն պարգեւի է արժանացել: Սա շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ են»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել: