ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի  կողմից ուսումնասիրված եւ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ:

Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Դրանցից՝

1. 12-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ եւ 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ):

Նշված հոդվածով հարուցված քրեական գործերից՝

-  մեկով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.

-  մեկ քրեական գործ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան.

- 10 քրեական գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից

- 8 քրեական գործ 8 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել  մեղադրական եզրակացությամբ.

- 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ.

- մեկ քրեական գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

2. 3-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):

Նշված գործերից մեկով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել եւ երեք գործերով էլ նախաքննությունը շարունակվում է:

3. 3-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

 Նշված գործերից 2-ը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել են եւ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, իսկ մեկ քրեական գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

4. 1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, նախաքննությունը շարունակվում է: