Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ վերջնական չի համարում իր՝ մարզպետի պաշտոնից ազատվելու որոշումը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, թե այդ մասին դեռ վերջնական որոշում չկա՝ ի՞նքն է շարունակելու լինել այդ պաշտոնում, թե  Գեղարքունիքի մարզի ընտրական տարածքում ՀՀԿ-ից առաջադրված եւ ստացած քվեներով առաջին տեղում հայտնված նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը կփոխարինի իրեն:

Մինչդեռ Կարեն Բոթոյանն արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է գրել, ինչը հաստատում է այն տեղեկությունները, որ վերջինս նշանակվելու է մարզպետի պաշտոնում, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած Ռաֆիկ Գրիգորյանը անցնելու է խորհրդարանական աշխատանքի:

Հարցին՝ եթե Կարեն Բոթոյանը նշանակվի այդ պաշտնոում,  դա նշանակում է, որ իր աշխատանքից դժգո՞հ է կուսակցության ղեկավարությունը, մարզպետը պատասխանեց. «Կոռեկտ չի, որ ես իմ աշխատանքի գնահատականը տամ, եթե վերլուծեք  թեկնածուների առաջադրումներից սկսած մինչեւ ընտրությունների ավարտը, հասկանալի կլինի՝ ես ինչպես եմ աշխատել: Ինչ վերաբերում է իմ աշխատանքից դժգոհ լինելուն, չէի ասի, որ դժգոհ են: Կարծում եմ, դեռ վաղ է խոսել այդ մասին, երբ քննարկում կլինի եւ վերջնական որոշում կլինի, կլինի նաեւ աշխատանքի գնահատականը»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը՝ հնչեցնելով հռետորական հարցադրում. «Իսկ ո՞վ ասաց, որ որոշումը կայացել է առանց համաձայնության, մի քիչ սպասեք եւ ես  մանրակրկիտ կխոսեմ»:

Նա նշեց, որ իր համար հոգեհարազատ է թե գործադիրում աշխատանքը, թե օրենսդիրում:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքից պատագամավորի մանդատ են ստանալու Ռաֆիկ Գրիգորյանը եւ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):