Ինքնաբացարկի դիմումի չեղարկման նպատակով այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին մասնակցելու է եկել նաեւ «Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դիմում է բերել, որով պահանջում է չեղյալ համարել իր անունից գրված ինքնաբացարկի դիմումը: «Ա՛յ մարդ, մանդատից չեմ հրաժարվել, ասե՞մ հրաժարվել եմ»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, ինքն ինքնաբացարկի դիմու մ չի գրել ոչ ընտրություններից առաջ, ոչ ընտրություններից հետո:  Սաղաթելյանն ընդգծեց, որ խարդախություն է տեղի ունեցել և ԿԸՀ նիստից հետո կհայտարարի, թե խարդախը ով է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից մանդատից հրաժարված 23 թեկնածուներից 11-ը ինքնաբացարկից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել եւ ցանկանում են ստանալ իրենց մանդատները: