ԿԸՀ կողմից մանդատների տրամադրման մասին արձանագրությունից հետո եւս նոր խորհրդարան անցած պատգամավորները կարող են հրաժարվել մանդատից, բայց դա արդեն այլ ընթացակարգ է ենթադրում: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Այդ դեպքում արդեն հրաժարվում են պատգամավորի մանդատից, որը բոլորովին այլ ընթացակարգ  ենթադրում»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ ինքնաբացարկի դիմումները եղել են պատշաճ նոտարական վավերացմամբ, առկա են եղել մարդկանց ստորագրությունները, հետեւաբար դրանք որեւէ կասկած չէին կարող հարուցել:

Իսկ թե ինչու են հետո մարդիկ հրաժարվել իրենց իսկ դիմումներից, Մուկուչյանը նման հարցադրումը կոռեկտ չի համարում. «Դա նրանց բացարձակ իրավունքն է, պատճառները կարող են շատ տարբեր լինել»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ծառուկյան» դաշինքից 23 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, սակայն նրանցից 12-ն այսօր հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից: