Մայիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Դավիթ Տոնոյանի եւ Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանի՝ նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ ստորագրվեց աջակցության վերաբերյալ պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ Ucom ընկերությունը արդիականացված երկքարտանի 2G եւ 3G հնարավորությամբ 380 մոդեմներ կտրամադրի Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ու գործող բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին:

Հիմնվելով «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախորդ տարիների վերլուծության վրա, ինչպես նաեւ արձանագրելով հակակարկտային կայանների աշխատանքում հայտնաբերված խնդիրները, Ucom ընկերությունը 15 մլն դրամի ներդրում է իրականացրել նշյալ կայանները 380 հավելյալ մոդեմներով զինելու համար: Մոդեմները կտեղադրվեն կարկտահարության հնարավոր վտանգ պարունակող համայնքներում գործող կայաններում:

«Որպես հայկական ընկերություն ու Հայաստանի խոշոր տնտեսվարող մենք մեծագույն պատրաստակամությամբ ենք մասնակցել նախորդ տարվա քննարկմանը, որի արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերեւութաբանական խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում ձեռքբերված մոդեմները թույլ կտան մեկի աշխատանքի ուշացման կամ խափանման պարագայում գործի դնել մյուսը եւ ժամանակին ուղարկել SMS-ները, որոնց օգնությամբ էլ գործարկվում են հակակարկտային կայանները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը:  Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ եւ արդյունավետ համագործակցության համար», - ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Կարեւորելով հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման գործընթացը՝ կողմերը նշեցին հետագա գործակցության այլ վեկտորներ եւս, որոնք ուղղված կլինեն բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: