Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում Արցախի բանտերում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների հարցերը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ այցելել է «Շուշի» ՔԿՀ եւ հանդիպել անտեղ պահվող բոլոր դատապարտյալներին, այդ թվում, ադրբեջանցիներին:

«Ես այցելել եմ Շուշի քրեակատարողական հիմնարկ, տեսել եմ դատապարտյալներին, այդ թվում, ադրբեջանցիներին: Նրանց հետ ունեցել եմ մեկուսի զրույցներ իրենց նախաձեռնությամբ: Բովանդակությունը չեմ կարող ներկայացնել, բայց դրա արդյունքում որոշակի աշխատանքներ ենք կատարվել: Նրանք Արցախի Հանրապետության համար դատապարտյալներ են եւ ունեն հավասար իրավունքներ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Ինչ վերաբերում է Արցախում գտնվող ադրբեջանցիների վերաբերյալ Բաքվի տարածած տեղեկություններին, Արցախի ՄԻ պաշտպանն ասաց. «Ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե այդ մարդիկ գնացել են Արցախ` այցելելու հարազատների գերեզմաններին, իսկ նրանց բռնում ու պահում են եւ այլն: Երբ մենք ներկայացնում ենք փաստերը, իրավիճակը փոխվում է: Մենք ներկայացնում ենք, որ նրանք սպանել են երեխայի, վիրավորել են անձի, զինված են եղել, նրանց մոտ հայտնաբերվել են ձայնագրություններ, որոնցում Ադրբեջանում ազգությամբ հայ ռազմագերիների հարցաքննությունն է: Այդ դեպքում այլեւս որեւէ հարց այստեղ չի մնում: Այս տեղեկատվությունը բավարար է, որ անկողմնակալ դիտորդը հետեւություն անի»:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։