Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններ է կառուցում որպես տարածաշրջանի հնագույն երկրի, որի հետ մենք հազարամյակներ շարունակ ունենք նույն պատմությունը, պետական սահմանը, հավանաբար, ամենահինն աշխարհում գոյություն ունեցող պետական սահմաններից մեկը եւ շատ խորը եղբայրական հարաբերություններ։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ մեր երկրների միջեւ փոխգործակցության առանցքը՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի, այս տարածաշրջանում միշտ շատ կարեւոր դեր է խաղացել։ Մենք շատ մեծ ցավով ենք արձանագրում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ցանկացած սրացում: 2008 թվականին մենք շատ լուրջ երկընտրանքի առջեւ էինք կանգնած, քանի որ մենք դաշնակցային հարաբերություններ ունեինք մեկի եւ բարիդրացիական հարաբերություններ, հնագույն մտերմություն մյուսի հետ։
Ես շատ եմ հպարտանում, որ Հայաստանին հաջողվեց այդ իրադրությունում այնպիսի հավասարակշռված քաղաքականություն վարել, որ մենք կարողացանք օգտակար լինել մեր երկու գործընկերների համար։ Մենք ամենաշահագրգռված կողմն ենք Մոսկվայի ու Թբիլիսիի միջեւ լավագույն, ավանդաբար գոյություն ունեցող հարաբերությունների հաստատման հարցում։ Ես գիտեմ՝ ինչպես են Ռուսաստանում վերաբերվում վրացիներին, ինչպես են վրացիները վերաբերվում Ռուսաստանին, ռուսներին։ Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում առկա բոլոր տարաձայնությունները կհարթվեն», - հայտարարել է Վիգեն Սարգսյանը։




























