Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին համբերության կոչ արեց, երբ մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մասին:

Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերության մասին համաձայնագրի հաջող իրականացումը նաեւ որպես խրախուսանք կծառայի վիզային ռեժիմի ազատականացման հարցում առաջ ընթանալու համար: «Դա, սակայն, ժամանակ կպահանջի»,- նախազգուշացրեց դիվանագետը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնագրի շուրջ երկխոսության ընթացքում Հայաստանին որպես շատ հուսալի գործընկեր են ընկալել: Հայաստանի նկատմամբ ԵՄ անդամ երկրների եւ Բրյուսելի վերաբերմունքը անչափ դրական է, ինչը վիզաների ազատականացման նոր փուլին անցնելու համար անհրաժեշտ պայման է: «Իհարկե, գործընթացը բարդացնում է միգրացիոն ճգնաժամը, Եվրոպա միգրանտների հոսքը, որը մի քանի կառավարությունների ստիպում է վիզաների չեղարկման հարցում զգուշավոր լինել: ԵՄ պատվիրակության դիրքորոշումն այն է, որ այս հարցը պետք է օրակարգում լինի, եւ երբ հարմար ժամանակը գա, Հայաստանը պետք է որպես գործընկեր դիտարկվի՝ պատրաստ վիզաների հարցով երկխոսությանը: Ես այս հարցում անչափ լավատեսորեն եմ տրամադրված»,- ամփոփեց դեսպանը: