Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայկական ջոկատը` հրամանատար, Կարեն Աթոյանի գլխավորությամբ, մայիսի 9-ին այցելել է Անթիլիասի մայրավանք եւ հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Հանդիպմանը մասնակցել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ կապիտան Կարեն Աթոյանն ընդհանուր գծերով անդրադարձել է ջոկատի անդամների առաքելությանը` նշելով, որ նրանք մասնակցել են տարբեր զորավարժությունների, ինչպես նաեւ պաշտպանողական գործողությունների։
Վեհափառ Հայրապետը ողջունել է հայոց բանակի քաջ զինվորներին, որոնք հպարտություն են առաջացնում եւ հանդիսանում են հայրենիքի հզորության ու հավերժության երաշխիքը։
«Այսօր Հայաստանն ու Արցախը բազմաթիվ մարտահրավերների առջեւ են, ունեն բազում կարիքներ: Հայոց բանակը կոչված է զորեղ ու կենսունակ պահել հայրենիքը։ Փառք Աստծո, որ հայությունն ունի հզոր բանակ: Հայկական բանակի որակն արդիական սպառազինություն, մասնագիտական զենքեր ունենալով չի բնորոշվում, այլ ծառայության ոգով, նվիրումով, հավատքով, վճռականությամբ եւ պարտականության գիտակցությամբ»,- ասել է նա։
Անդրադառնալով հայ զինվորների՝ Լիբանանում խաղաղապահ առաքելություն կատարելու հանգամանքին, Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել այդ կապակցությամբ, որովհետեւ հայությունը խաղաղություն սիրող եւ խաղաղության հաստատման մասնակից դարձող ազգ է:




























