Ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից, շուրջ 30 րոպե խափանված է եղել հեռարձակումը: Այս մասին հայտարարություն է տռարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարության մեջ ասվում է.

««Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետեւել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին եւ արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ կից ներկայացվող տեսանյութում արտացոլված ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից:

Մենք այս երեւույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում եւ ունենք մտավախություն, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար սերվերների վրայից կհեռացվեն հանցակազմ պարունակող տեսագրությունները:

Քանի որ նաեւ թիվ 4 ընտրատարածքի ընտրատեղամասերում շուրջ 30 րոպե ամբողջությամբ խափանված է եղել հեռարձակումը, իսկ 9/46 –ում արձանագրել ենք ոստիկանների կողմից չհրկիզվող պահարանի հետ կատարվող գործողություն` տեղափոխություն եւ պահարանի բացված դռներ:

Տեսախցիկների միջոցով տեսնում ենք նաեւ, որ Ավան համայնքում թվով 23 ընտրատեղամասից 12-ում սեյֆ չկա, համենայն դեպս տեսախցիկի առջեւ տեղադրված չէ: Չորրորդ ընտրատարածքի տեղամասերում տեսախցիկներն անջատվեցին: Պահանջում ենք պատկան մարմիններից հաշվետվություն իրավիճակի վերաբերյալ»: