Ես քվեարկել եմ հանուն Երեւանի բարգավաճման եւ զարգացման, նաեւ հանուն ժողովրդի բարօրության։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով այսօր՝ մայիսի 14–ին, կնոջ հետ միասին եկել էր քվեարկելու Երեւանի ավագանու ընտրություններին 9/18 տեղամասում։

Խոսելով այն մասին, թե Կոմկուսն ինչպես է պատկերացնում Երեւանի «զարգացումն ու բարգավաճումը», եթե կուսակցությունը չի մասնակցում ավագանու ընտրություններին, իսկ ԱԺ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը, Տաճատ Սարգսյանը նշեց. «Շատ ցանկալի կլինել, որ ՀԿԿ–ն լիներ պառլամենտում, բայց բարգավաճում եւ զարգացումը միայն Կոմունիստական կուսակցությամբ չէ պայմանավորված։ Կան նաեւ այլ քաղաքական ուժեր հանրապետության արենայում։ Բացի այդ, այն որ ՀԿԿ–ն չի անցել ԱԺ, դեռ չի նշանակում որ այն չի մասնակցելու քաղաքական կյանքին։ Հիմա կուսակցությունը նույնիսկ ավելի կազմակերպված, ավելի մարտունակ եւ ակտիվ ձեւով կմասնակցի Հայաստանի քաղաքականությանը եւ իր լուման կներդնի»։