«Քաղաքացի դիտորդ»-ը շարունակում է ներկայացնել իրենց կողմից արձանագրված ընտրախախտումները:
Կրկնակի քվեարկության փորձ
4/8 տեղամասի դիտորդ Աննա Մայիսի Ջավուկցյանը հայտնում է, որ ժամը 10:15 սահմաններում տեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկության փորձ․ Թաշչյան Անժելա անունով մեկ կին եկել է տեղամաս որպես օգնող՝ տարեց տղամարդու քվեարկելուն օգնելու նպատակով, քանի որ վերջինս տեսողության խնդիր ուներ: Տարեց մարդու անձնագիրը սարքով անցկացնելուց հետո նշված կինը տվել է նաեւ իր անձնագիրը, սարքի էկրանին վառվել է կարմիր նշանը, պարզվել է, որ նա արդեն քվեարկել է: Օգնող կնոջ վարկածի համաձայն նա ըստ մասնագետի պահանջի է շփոթված տվել անձնագիրը: Գրանցամատյանում դեպքը գրանցվել է, սակայն որպես պատահականություն:
Ընտրողներին բերում են «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաներով
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից:
Քաղաքացին ժամը 11:05-ի սահմաններում զանգահարելով ԻԵՄ գրասենյակ ահազանգում է, որ թիվ 1/20 տեղամասում քաղաքացիներին քվեարկության են բերում միկրոավտոբուսներով, որոնց ապակիները ամբողջությամբ փակ են եւ «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաներով։ Քաղաքացիներին իջեցնում են կամ հենց տեղամասի դիմաց կամ մի փոքր հեռավորության վրա։
«Տաշիր» առեւտրի կենտրոնից ճշտում են, թե քաղաքացիներն ում են ընտրելու
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից:
Մասնավորապես, ժամը 11:20-ի սահմաններում գրասենյակ զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ նրան զանգահարել են «Տաշիր» առեւտրի կենտրոնից 077 115397 հեռախոսահամարից եւ հայտնելով, որ նրա հեռախոսահամարը նշված է իրենց ցուցակներում՝ վերջիններս հետաքրքրվել են արդյոք քաղաքացին այսօր մասնակցելու է քվեարկությանը եւ ում օգտին է քվեարկելու։ Քաղաքացին դժգոհում է, որ իր անձնական տվյալները փոխանցվել են երրորդ անձանց, որոնք ընտրությունների հետ որեւէ առնչություն չունեն։
Հանձնաժողովի նախագահը սահմանափակել է դիտորդի աշխատանքը
Թիվ 6/42 տեղամասի հանձնաժողովի նախագահն արգելել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին ներկա գտնվել քվեաթերթիկներ հատկացնող անդամի կողքին (նստել վերջինիս կողքին) և դիտարկել քվեաթերթիկների հատկացման գործընթացը, մասնավորապես, ասելով. «Հետաքրքիր բան չկա այստեղ, վե՛ր կաց»:
Դիտորդը ստիպված է եղել տեղափոխվել քվեարկության սենյակի այլ հատված: Մոտ հինգ րոպե անց դիտորդը նորից վերադարձել է քվեաթերթիկներ հատկացնող անդամի մոտ (նստել վերջինիս կողքին), իսկ Հանձնաժողովի նախագահը կրկին փորձել է սահմանափակել դիտորդի` քվեարկության սենյակում ազատ տեղաշարժվելու և քվեաթերթիկների հատկացման գործընթացը դիտարկելու իրավունքը: Հանձնաժողովի քարտուղարի միջամտությունից հետո դիտորդի իրավունքների խոչընդոտումը կասեցվել է:




























