«Քաղաքացի դիտորդ»-ը շարունակում է ներկայացնել իրենց կողմից արձանագրված ընտրախախտումները:

9/16 12:55:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն եւ դիտորդի իրավունքների սահմանափակում

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդը 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/16 տեղամասում որպես դիտորդ: Վերջինս տվյալ տեղամասում դիտարկել է հետեւյալ խախտումը՝ քվեախցիկների մոտ գտնվող պատի վրա փակցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի նկարները, որը դիտարկվում է որպես քարոզչանյութ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խախտումը եւ հրաժարվել է գրանցել խախտումը հանձնաժողովի գրանցամատյանում։

Ուղղորդել է ընտել «Ելքի» օգտին

Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանն առավոտյան ժամը 8:00-ից սկսած (մինչեւ 11:30 դրությամբ) ուղղորդում է ընտրողներին` «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին եւ նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որեւէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցամատյանում չգրանցելու փաստի վերաբերյալ առկա է ձայնագրություն):

ՀՀԿ-ի վստահված անձը հարվածել է դիտորդի մեջքին

Թիվ 9/23 տեղամասում ժամը 12:30-ի սահմաններում ՀՀԿ-ի վստահված անձ Կուղյանոսյանը, ով գրանցված է որպես վստահված անձ, օգտվելով իրավիճակից (ոչ ոք չէր տեսնում), 9/22 եւ 9/23 տեղամասերի տեղակայման շենքի դռնով հարվածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վ.Գասպարիի մեջքին: Կազմակերպությունը դիմել է Ոստիկանություն:

Ընտրողներին քվեարկած թերթիկներ է տալիս

Թիվ 7/29 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի անդամներից մեկը, երկու քվեաթերթիկ է տվել ընտրողներին, ընդ որում՝ երկրորդ դեպքում դիտորդը նկատել է, որ այն արդեն իսկ քվեարկած է, սակայն չի նկատել, թե ում օգտին: Ընտրողների կողմից իրենց երկու քվեաթերիկ տալու դեպքերի բարձրաձայնելուց հետո հանձնաժողովի անդամը, ով դրանք բաժանել է, միմիկայով փորձել է հասկացնել ընտրողներին, որպեսզի նրանք լռեն: Հանձնաժողովի նախագահն իր հերթին երկու դեպքում էլ վերցրել է քվեաթերթիկները եւ ավելորդները ոչնչացրել՝ ճղելու ճանապարհով: Հանձնաժողովի անդամը, ով բաժանել է այդ քվեաթերթիկները հրաժարվել է ներկայանալ եւ թաքցրել է բեյջը, սակայն դիտորդը նկարել է վերջինիս: