Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում է բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում են բացել դարակները:

«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,- ոստիկանության աշխատակցին պատմեց Զարուհի Փոստանջյանն ու հավելել. «Մենք եկել ենք այդ շտապ, որովհետեւ ունեցել ենք ահազանգ, որ մարդկանց ուղղորդում են, հայտնում, որ երեկ գիշերն են փողերը բաժանել, բաժանել են 5-10 հազար դրամ: Մենք որ մտանք մի կին էր, նա անմիջապես պահեց փաստաթղթերը դարակում եւ կանչեց այս մարդուն: Նա փորձեց հարձակվել մեզ վրա, տանել փաստաթղթերը տանել, բայց մենք թույլ չենք տվել»:

ՀՀԿ շտաբի անդամը պարզաբանեց, որ ոչ ոք իրավունք չունի իր դարակները ստուգել: Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրեց այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց նաեւ, որ իր եւ դստեր վրա հարձակում են գործել ՀՀԿ-ի նախընտրական շտաբի անդամները:

Լարված վիճակը շարունակվում է: