Այսօր` նոյեմբերի 22-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Չարենցավանի ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում Վահան Խալաֆյանի մահվան գործով դատաքննությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստում հանդես եկավ Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Մորիս Հայրապետյանի (գործով ամբաստանյալ) փաստաբանը: Նա իր ճառում ավելի շատ ոչ թե պաշտպանում էր Մորես Հայրապետյանին, այլ դատապարտում էր ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին (նա եւս գործով ամբաստանյալ է): Անգամ դատարանում նստած մարդիկ ակնարկում էին, թե Մորիս Հայրապետյանի փաստաբանի ճառը, հավանաբար, գրվել է Վազգեն Սարգսյանի փողոցում, նկատի ունենալով այդ փողոցի վրա գտնվող ՀՀ գլխավոր դատախազությունը:
Նա իր խոսքում հայտարարեց, որ իր պաշտպանյալ Մորես Հայրապետյանն անմեղ է, ոչ մի հանցանք չի գործել եւ օժանդակել է Հատուկ քննչական ծառայությանը` հանցագործությունը բացահայտելու հարցում: Նա պահանջեց դատարանից, որ իր պաշտպանյալի նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ:
Ինքը` Մորես Հայրապետյանը ելույթ ունեցավ 5-7 րոպե, որտեղ անհիմն համարեց Աշոտ Հարությունյանի տված բոլոր ցուցմունքները, ըստ որի սպանությունը կատարվել է Մորես Հայրապետյանի ձեռքով: Նա դա համարեց «շինծու, քրեական պատասխանատվությունից խուսափելու փորձ»:
Այս պահին դատարանում ճառով հանդես է գալիս Աշոտ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի նշվում է, որ Վահան Խալաֆյանին ոստիկանությունում հասցրել են ինքնասպանության, այնինչ Խալաֆյանի հարազատները պնդում են, որ իրենց որդուն սպանել են: Նույն կարծիքն է հայտնել նաեւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























