Թուրք երգահանը առաջարկել է Թուրքիայի պետական հեռուստաընկերությանը, որ 2010 թվականի Եվրատեսիլին Թուրքիան ներկայանա քրդերեն երգով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk թերթը։

Թուրք երգահան Հասան Սալթըքը առաջարկել է թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրենին՝ 2010 Եվրատեսիլին Թուրքիայի կողմից ուղարկել քրդերեն երգ։ Ըստ երգահանի՝ դա աշխարհում մեծ արձագանք կունենա։ Նա խորհուրդ է տվել, որ այդ երգը կատարի Այնուր Դողանը, քանի որ նրան աշխարհում ճանաչում են, եւ աշխարհում շատ տեղերում է նա համերգ տվել։ Թուրք երգահանը պնդել է, թե կարեւորը ոչ այնքան այն է, որ անպայման Այնուր Դողանը մասնակցի, այլ՝ որ Թուրքիան Եվրատեսիլում ներկայանա քրդերեն երգով։

Եվրատեսիլ 2010-ի Թուրքիան ներկայացնող հավանական անուններն են՝ Հանդե Յեներ, Թարքան, Բուրջու Գյունեշ, Բեդուք, Շեբնեմ Ֆերահ եւ այլն։

NEWS.am-ը հիշեցնում է, որ մինչ 1991 թվականը Թուրքիայում քրդերեն լեզուն արգելված էր։