ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մամուլին հայտնել էր, որ կոալիցիան քննարկելու է անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հարցը: Այս առթիվ «Առավոտ»-ը դիմել է կոալիցիայի անդամներին եւ պարզել, որ կոալիցիայի մյուս անդամները տեղյակ չէին այդ մասին, եւ թե Սաֆարյանն ինչ հիմքով է նման բան հայտարարել: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը «Առավոտ»-ի հարցերին պատասխանելով, թե իրոք եկող շաբաթ քննարկվելո՞ւ է անազատության մեջ գտնվողների հարցը՝ ասել է, թե ինքը նման տեղեկության չի տիրապետում, եւ եթե նման բան լիներ, ինքը հաստատ կիմանար:
«Ես կարծում եմ՝ այստեղ թյուրիմացություն կա: Չեմ կարծում, որ Արամ Սաֆարյանը նման տեսակետ արտահայտած լինի, որովհետեւ նման խնդիր օրակարգում եւ կոալիցիոն քննարկման շրջանակներում այս պահին չկա: Բոլոր այն հնարավորությունները, որոնք հնարավոր է կիրառել, միանշանակ գտնվում են հանրապետության նախագահի իրավասության տակ: Եթե նախագահն ուզենա որոշակի քայլ անել, կանի, եւ դրա համար առանձնապես քննարկումների կարիք չկա»»,-գրում է թերթը:




























