«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահան  Կարապետյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ իր մանդատի վերաբերյալ խմբակցությունը դեռ վերջնական որոշում չի ընդունել։ Կշարունակի աշխատել պատգամավոր, թե առաջիկայում  մանդատը վայր դնելու դիմում կներկայացնի ԱԺ ղեկավարությանը, դեռ չգիտի։

«Դեռ որոշում չեն կայացրել իմ մասով, էլի, որ կայացնենք՝ կիմանաք։  Ես ասել եմ՝ թիմը ոնց որոշի, էդպես էլ կլինի»,–ասել է Վահան Կարապետյանը։

Նշենք, որ այսօր մեզ հետ զրույցում  Կարապետյանի «բախտակից», պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել էր, որ իր  վերաբերյալ որոշում ընդունվել է, շարունակելու է աշխատել։ Հիշեցնենք, որ  Վահան Կարապետյանը , Սերգեյ Բագրատյանը այն ութ պատգամավորներից են, որոնք դեմ գնալով դաշինքի որոշմանը՝  հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները եւ ստացան մանդատներ։

Վահան Կարապետյանը նշել է նաեւ, որ ինքն էլ է ներկա գտնվել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում կազմակերպված խնջույքին, որին մասնակցել են  դաշինքի նորընտիր պատգամավորները։   Մանդատները վայր դրած պատգամավորներին այնտեղ չի տեսել։