138 քարտեզագրված աղբանոցից արդեն փակվել է 88-ը, մոտ 20-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ է: Այս մասին նշվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում մայիսի 30-ին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեության աշխատանքային ծրագրի 4-րդ՝ «Աղբավայրերի տեղաբաշխման վերաբերյալ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացը եւ միջոցառումներ՝ ապօրինի աղբավայրերի գոյացումը բացառելու ուղղությամբ» կետի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումը վարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը: 

Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբին  ներկայացվել  է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի ընթացքը, արձանագրված ձեռքբերումները: Մասնավորապես՝ նշվել է, որ   ծրագիրն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի.  մինչեւ  2019 թ-ը  այս տարածաշրջանի համար կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան գործող աղբավայր, ինչը հնարավորություն կտա երկու մարզերի տարածքում իրականացնել կանոնավոր աղբահանություն եւ հավաքված աղբը տեղադրել շրջակա միջավայրին հասցվող վնասը բացառող աղբավայրում:

Օրակարգային մյուս հարցով փոխնախարարը տեղեկացրել է «Մաքուր Հայաստան» միջոցառումների ծրագրի շրջանակում  Գեղարքունիքի մարզում  գործող աղբանոցների փակման եւ աղբի մաքրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ 138 քարտեզագրված աղբանոցներից արդեն փակվել է 88-ը, մոտ 20-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ: Ա. Խաչատրյանի խոսքով՝  30 աղբանոց կշարունակի գործել եւ  ժամանակավորապես կսպասարկի  մարզի բնակչությանը՝ մինչեւ  նոր աղբավայրի շահագործումը: 

Աշխատանքային խմբի նիստում  տեղեկացվել է նաեւ, որ հետագա աղբանոցների գոյացումը բացառելու նպատակով մշակվել են զգուշացումների, ծանուցումների , վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների եւ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների ձեւաթղթեր, որպեսզի տուգանքներ կիրառվեն չսահմանված եւ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար: