ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Այս մասին հայտնել է Axios օնլայն պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Պարբերականի զրուցակիցների տվյալներով, պայմանագրից դուրս գալու մանրամասները մշակելու է փորձագիտական խումբը՝ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Փրիյութի ղեկավարությամբ։ Մասնավորապես պետք է որոշում կայացնել, արդյոք ԱՄՆ-ն հայտ կներկայացնի Փարիզյան համաձայնագրից պաշտոնապես դուրս գալու մասին,թե ամբողջովին կհրաժարվի կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային հռչակագրից։ Առաջին դեպքում դուրս գալու գործընթացը կարող է տեւել մինչեւ երեք տարի, երկրորդ դեպքում այն ավելի քիչ կտեւի, բայց հետեւանքներն ավելի արմատական կլինեն։