Թերթը նկատում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելությունը Վրաստան, ամենայն հավանականությամբ, այլեւս չի կայանա: Եվ այդ հավանականության մեծացման հիմնական պատճառը, այդուհանդերձ, կաթողիկոսի` Ջավախք այցելելու ցանկությունն է:

Նոյեմբերի երկրորդ կեսին Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարելիք հովվապետական այցի առնչությամբ Մայր աթոռից վերջերս տեղեկացրին, որ այցը հետաձգվում է: «Նկատի առնելով Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի՝ արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը եւ պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու հայոց կաթողիկոսին Թբիլիսի եւ Ջավախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց եկեղեցին դիմել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` վերանայելու հայոց հայրապետի Վրաստան այցի թվականը», նշված էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասին ներկայացնող հաղորդագրության մեջ:

Ըստ էության, քանիցս հայոց կաթողիկոսի այցելությունը հետաձգելու տարբեր պատճառները գնալով պակաս հիմնավոր են դառնում: Ի վերջո, եթե վատառողջ է վրաց պատրիարքը, հայոց կաթողիկոսը կարող էր նաեւ մենակ այցելել Ջավախք` առանց ուղեկցության:

Ինչեւէ, Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, որ բուժումից հետո, ստացվել էր, որ չի կարող ուղեկցել հայոց կաթողիկոսին, պարզվում է, որ ամենայն հանգստությամբ կարողանում է այցեր իրականացնել: Մասնավորապես երեկ պատրիարքը այցելել է Գուրիի շրջան, որտեղ մասնակցել է հասարակական գործիչ Էկվտիմե Տակաիշվիլու տուն-թանգարանի բացմանը: Բացի այդ, նա եղել է Աչիի կիրճում գտնվող Ս. Գեորգի եկեղեցում:

Ժամանակին թերթը գրել էր, որ Ջավախք հովվապետական այցի հավանականությունն այնքան փոքր է, որ դրան կարելի է չհավատալ: 1894-ից ի վեր հայոց որեւէ կաթողիկոս չի այցելել Ջավախք, երբ հայկական սփյուռքի շատ երկրներում են եղել մեր կաթողիկոսները:

Մինչդեռ Ջավախքում վաղուց են սպասում հայոց կաթողիկոսի այցելությանը, սպասում են ոչ միայն հավատի, այլեւ ընդհանրապես հայ հոգեւոր առաջնորդի տեսնելու, օրհնություն ստանալու ակնկալիքով: Եվ սա այն դեպքում, երբ Ջավախքում դժվարությամբ են հաղթահարվում տասնյակ տարիներ առանց եկեղեցու ու հոգեւորականի ապրած ժամանակների սովորությունները, որոնց համաձայն ջավախքցին հազվադեպ է մտնում եկեղեցի: