Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար դատարանը դիմել ՀՀ փաստաբանների պալատ: Հովիկ Արսենյանի նկատմամբ Երեւանի Ավան եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատական սանկցիա կիրառելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դատական նիստի ընթացքում առանց նախագահողի թույլտվության փաստաբանն «անզուսպ հայտարարություններ» է արել նստած տեղից:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, դատարանը վերջինին պարզաբանել է, որ նման վարքագիծը որակվում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, խոչընդոտ դատական նիստի համար, սակայն, պաշտպանը շարունակել է դրսեւորել նույն վարքագիծը` նշելով «հա, ես միշտ էլ անհարգալից եմ»: Դրանից հետո դատարանը փորձել է ճշտել պաշտպանի խոսքերը, իսկ վերջինն այն վերահաստատել է` ասելով. «հա, մինչեւ դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ»:
Դատարանը նշված արտահայտությունները գնահատել է ոչ հարիր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի համար եւ որոշում կայացրել փաստաբան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել ՀՀ փաստաբանների պալատ:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:





























