Արաբական չորս պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Առաջինն այդ մասին հայտարարել է Բահրեյնի թագավորությունը: Հաղորդագրությունը, որը տարածել է Բահրեյնի պաշտոնական գործակալությունը, նշվում է, որ Մանաման նման քայլի է գնացել Դոհայի շարունակվող քաղաքականության պատճառով՝ կապված «Բահրեյնի թագավորությունում անվտանգության եւ կայունության հետ կապված իրավիճակը սրելու եւ նրա գործերին միջամտելու, ահաբեկչական գործունեությանն աջակցելու հետ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բահրեյնը կատարցի դիվանագետներին 48 ժամ է տվել՝ թագավորության տարածքը լքելու համար: Մանաման նաեւ դադարեցրել է Դոհայի հետ օդային եւ ծովային հաղորդակցությունն ու Կատարի քաղաքացիներին արգելել Բահրեյն այցելել:

Նման քայլերի մասին հայտարարել են նաեւ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը:

Իր հերթին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է, որ դադարեցվում է Կատարի մասնակցությունը Եմենում ռազմական գործողությանը՝ «Դոհայի կողմից «Ալ կաիդայի» եւ ԻՊ-ի անօրինական խմբավորումներին աջակցելու պատճառով»:

Կատարի եւ հարեւանների միջեւ կոնֆլիկտը ծագել է Էր Ռիադում Պարսից ծոցի երկրների եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ուղերձ է տեղադրել՝ Իրանի հետ հարաբերություններ կառուցելու օգտին: Հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի իշխանությունները բոլոր հյուրերի անունից՝ դատապարտել էին Թեհրանին՝ նրա թշնամական քաղաքականության համար եւ սպառնացել համարժեք պատասխանով:

Ավելի ուշ Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալության կայքը կոտրել են, եւ էմիրի անունից հայտարարությունը հրապարակել են հաքերները: Սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնն այս հերքումը համոզիչ չեն համարում: