Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարեւորվել է օրենսդիր մարմինների միջեւ սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը եւ Թուրքմենստանի Մեջլիսի նախագահն ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում եւս համանման խմբի ստեղծման կարեւորությունը:

Մեջլիսում հանդիպումից հետո երկրի ղեկավարն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրատ Թուրքմենբաշու դամբարան եւ իր հարգանքի տուրքը մատուցել: Նախագահ Սարգսյանը, Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելել է նաեւ Թուրքմենստանի անկախության հուշարձան, ծաղկեպսակ դրել եւ ծառ տնկել պատվավոր հյուրերի արահետում: Երկրի ղեկավարը եղել է նաեւ Սապարմուրատ Թուրքմենբաշու անվան ազգային մշակութային կենտրոնում:

 Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ, Սերժ Սարգսյանն այցելել է Թուրքմենստանի ձիասպորտային համալիր եւս, որտեղ նախագահներին ցուցադրել են համալիրի հպարտությունը համարվող  ախալտեկինյան ցեղատեսակի ձիերը:

 Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Թուրքմենստան` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: